Green Iron. Վանաձոր: Վանաձորի մանրաթելերի գործարանի վերաիմաստավորման նախագիծ

25/04/2024

Green Iron -ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է ԷկոՀաբ հիմնադրամի, ORG Permanent Modernity-ի, Ferropolis հիմնադրամի և TUMO-ի կողմից։ Green Iron-ը միտված է Հայաստանի արդյունաբերական տարածքները վերաիմաստավորելուն, վերապլանավորելուն և տնտեսապես վերաինտեգրելուն։ Ներկայումս Green Iron-ի աշխատանքներն ուղղված են Վանաձորի մանրաթելերի գործարանը նորարարությունը խթանող և ստեղծարար տնտեսությանն աջակցող յուրահատուկ տարածքի վերածելուն, ինչը նաև կնպաստի կլիմայական ադապտացման օրակարգի և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շրջանակում նոր ոլորտների զարգացմանը։

 

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մեր նպատակն է Վանաձորի լքված քիմիական գործարանն ու դրա շրջակայքը վերածել քաղաքային կանաչ կենտրոնի, որում համատեղված կլինեն նորարարությունը, ճկունությունն ու կայունությունը։ Մենք ձգտում ենք Վանաձորը դարձնել արդյունաբերական անցյալի վերաիմաստավորման և տեխնոլոգիական գերազանցության կենտրոն, որտեղ մեծ հնարավորություններ կստեղծվեն ստեղծարարության ու ձեռներեցության զարգացման և  քաղաքի բարգավաճման ու համայնքի կյանքի որակի բարձրացման համար։

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) ներառում է Վանաձորի քիմիական գործարանը, քիմիական մանրաթելերի արտադրամասը և Վանաձորի ջերմաէլեկտրակայանը։ Ընկերությունը ներկայումս  լուծարման գործընթացում է, որի ավարտից հետո Ընկերության գոյություն ունեցող պարտավորությունները կդադարեն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ձեռք կբերի ընկերության գույքի և տարածքի նկատմամբ պահանջի իրավունք։ Գործարանի յուրաքանչյուր հողատարածքի վաճառքի հիմնական խոչընդոտը չվճարված կադաստրային արժեքն է, որն ի սկզբանե սահմանվել էր որպես հետաձգված (կուտակված) պարտք, որը կվճարվեր միայն գործարանի հողատարածքը վաճառքի հանելու դեպքում: Այս պարտավորությունը գործարանի ողջ տարածքի համար (մոտ 130 հա) կազմում է ընդհանուր առմամբ շուրջ 4 մլրդ դրամ։  Բանկը պատրաստ է և հետաքրքրված է քննարկել համագործակցության տարբեր սցենարներ։

 

Իմանալ Ավելին