Վանաձորի կիրճի կենսաբազմազանության պահպանումը

28/03/2022

Վերջին երկու տարիներին բավականին կարևոր աշխատանքների սկիզբ դրեցինք GEF Small Grants Programme-ի աջակցությամբ և բազմաթիվ հիանալի մարդկանց հետ համագործակցության շնորհիվ:

Ավելի ու ավելի շատ մարդիկ Վանաձորի կիրճը սկսել են ճանաչել՝ որպես հարուստ կենսաբազմազանությամբ, գեղեցիկ բնությամբ ու մի փոքր ավելի լավ ենթակառուցվածքով տարածք։

🗑 Կիրճի երեք կետերում տեղադրվել են անջատ աղբամաններ՝ պլաստիկ և խառը աղբի համար։ Ճիշտ է, դրանցից երկուսն արդեն գողացել են, բայց մնացած 4-ը մարդիկ սկսել են օգտագործել։ Վանաձորի քաղաքապետարանն էլ կանոնավոր հեռացնում է կուտակված աղբը։ Մի քանի անգամ տարբեր կետերում հավաքել ենք կուտակված աղբի սարերը․․․ մտածում ենք ավելի արդյունավետ ձևեր բնության մեջ աղբ թափելու՝ սովորական դարձած վարքը փոխելու համար։

🙋‍♀️ Վանաձորի թիվ 1, 4 և 20 դպրոցների երեքական ուսուցիչներ վերապատրաստվել են Վանաձորի կիրճի կենսաբազմազանության վերաբերյալ։ Նրանք արդեն սկսել են ոգևորել իրենց աշակերտներին՝ բացահայտելու Վանաձորում ապրող բույսերի, կենդանիների ու թռչունների աշխարհը։

🦉 Շուրջ 15 երիտասարդներ վերապատրաստվել են Վանաձորի կիրճում կենսաբազմազանության մասին քայլարշավներ անցկացնելու համար։ Սովորել են նաև առաջին բուժօգնության կարևոր հմտություններ։ Այս աշնանը նրանց մի մասն արդեն հնարավորություն ունեցավ դպրոցականների արշավներ առաջնորդել կիրճում։

👣 Մի քանի տասնյակ դպրոցականներ, իրենց ուսուցիչների և վերապատրաստված զբոսավարների ուղեկցությամբ, քայլարշավների գնացին Վանաձորի կիրճում, դիտարկեցին բույսերն ու կենդանիներին, տեսան բաներ, որոնց մասին դասագրքերում էին կարդացել։ Նաև մաքրեցին կիրճը աղբից, տարբեր խաղեր խաղացին, ու շատ լավ օրեր անցկացրեցին․ կարևորը՝ էկրաններից հեռու։

🌞 ԷկոՀաբի Բու Այլ Տունը կահավորվել է արևային էներգիայի կայանով։

🏕 Ձեռք ենք բերել նաև որակյալ արշավական գույք՝ գրեթե ամենն, ինչ անհրաժեշտ է վրանային ճամբարներ ու քայլարշավներ կազմակերպելու համար։