Re.Action ծրագիրն ԷկոՀաբի առանցքային ծրագիրն է, որն իրականացվում է ամեն տարի՝ կազմակերպության հիմնադրումից ի վեր: Այն մի քանի կրթական փուլերից բաղկացած ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին
Re.Action ծրագրում օգտագործվում է Theodor Heuss Kolleg (THK) միջազգային ցանցի մշակած կրթական մեթոդաբանությունը, որը ներառում է հետևյալ 4 քայլերը:
1. Փոփոխության գաղափար. 8 օր տևողությամբ ներածական սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվում է կենսակայուն զարգացման (բնապահպանական, տնտեսական և սոցիալական կողմերը) և ակտիվ քաղաքացիության (մարդու իրավունքների, ժողովրդավարության, մասնակցության) գաղափարները: Մասնակիցներն աջակցություն են ստանում՝ իրենց համայնքների համար օգտակար կամավորական նախագծի գաղափար ձևակերպելու համար:
2. Ծրագրերի կառավարում. 6 օր տևողությամբ այս սեմինարը կենտրոնանում է մասնակիցների այն հմտությունների զարգացման վրա, որոնք օգտակար կլինեն նրանց համայնքային նախագծերն իրականացնելու համար: Դրանցից են՝ գործողությունների և բյուջեի պլանավորումը, ռեսուրսներ ձեռք բերելը (ֆինանսավորում, կամավորներ, տարբեր ներդրումներ), ժամանակի կառավարումը, հանրության հետ հաղորդակցությունն ու սեփական գաղափարը ներկայացնելը և այլն: Մասնակիցների մշակած համայնքային նախագծերը պետք է անպայման կենսակայուն զարգացման պրակտիկաներ ներառեն: Մենք խրախուսում ենք նաև միջոլորտային համագործակցությունը և տեղական համայնքների հետ համատեղ աշխատանքը: Այս սեմինարի ավարտին մասնակիցների գաղափարներն արդեն հստակ ձևակերպում են ստանում, թիմեր են ձևավորվում, գործողություններն ու բյուջեն պլանավորված են լինում: ԷկոՀաբի չափանիշներին համապատասխանող նախագծերը փոքր ֆինանսավորում են ստանում, ինչպես նաև մասնագիտական աջակցություն՝ ավելի փորձառու երիտասարդ մենթորի կողմից:
3. Ինքնակրթություն և նախագծերի իրականացում. հաջորդող 3 ամիսների ընթացքում մասնակիցներն իրենց համայնքներում իրականացնում են իրենց մշակած նախագծերը: ԷկոՀաբից բացի նրանց հաճախ աջակցում են համայնքի անդամները, տեղական հաստատությունները, կազմակերպություններն ու բիզնեսները: Համայնքային նախագծեր իրականացնող թիմերին ծրագրի ողջ ընթացքում սատարում են ԷկոՀաբի կողմից վերապատրաստված երիտասարդ մենթոները, ովքեր Re.Action ծրագրի շրջանավարտներ են:
4. Ռեֆլեքսիա և գնահատում. 5 օր տևողությամբ Անդրադարձ ֆորումի ընթացքում մասնակիցները վերաիմաստավորում և գնահատում են իրենց անցած կրթական գործընթացի տարբեր փուլերը, ձևակերպում են ծրագրի ողջ ընթացքից քաղած դասերը: Անդրադարձ ֆորումի ժամանակ կազմակերպվում է նաև հանրային միջոցառում, որին հրավիրվում են տարբեր մասնագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ կարելի է ծանոթություններ հաստատել և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկել:
Re.Action-ի շրջանավարտներն ԷկոՀաբի շրջանակներում շարունակական ինքնազարգացման հնարավորություններ ունեն: Նրանք կարող են շարունակել ակտիվ մնալ շրջանավարտների ցանցում, վերապատրաստվել մենթոր կամ դասընթացավար դառնալու համար, դիմել տարբեր դրամաշնորհների, մասնակցել միջազգային ծրագրերի և այլն: